Ինչու՞ է Սյունիքը դարձել բոլոր կողմերի ուշադրության կենտրոն:
Սյունիքն այլևս պարզապես աշխարհագրական մի մարզ չէ։ Այն վերածվել է ճակատագրական հանգույցի, որտեղ խաչվում են գերտերությունների շահերը, տարածաշրջանային ուժերի ազդեցության ձգտումներն ու միաժամանակ՝ հայ ժողովրդի գոյության պայքարը։
Հազարավոր տարիներ պատմություն ունեցող Սյունիքի հողը այսօր դարձել է աշխարհաքաղաքական լարվածության կիզակետ։
Թուրքիայի և Ադրբեջանի կողմից պահանջվող «միջանցքը», ըստ էության, ոչ միայն Հայաստանի ինքնիշխանության կոպիտ խախտում է, այլ նաև նպատակ ունի բաժանել Հայաստանը, կտրել նրան իր հարավային դարպասից՝ Մեղրիից, մեկուսացնել Արցախը և վերացնել Հայաստանի որպես միջանցք ունեցող պետության ռազմավարական նշանակությունը։
Սյունիքը դարձել է այն սահմանը, որը պաշտպանում է ոչ միայն Հայաստանի տարածքը, այլև հայության արժանապատվությունը, մեր ինքնությունը և պատմական իրավունքը այս հողերի նկատմամբ։
Այն ամենը, ինչ այսօր տեղի է ունենում Սյունիքի շուրջ, ոչ թե պարզապես ճանապարհների կամ տնտեսական նախագծերի մասին է, այլ շատ ավելի խոր՝ ազգային գոյության, պետականության շարունակականության ու ապագայի մասին։
Հայ ժողովուրդը պետք է արթնանա քնից։
Սյունիքի հարցը միայն Սյունիքի բնակիչներինը չէ։
Այն վերաբերում է մեզ բոլորիս՝ Երևանում, Գյումրիում, Սփյուռքում, գյուղում թե քաղաքում։ Ամեն մի անձ՝ գործիչ թե սովորական քաղաքացի, պատասխանատվություն ունի այս պահի առաջ։
Աշխարհը փոխվում է արագ։ Ներքաղաքական ու ներազգային տարաձայնությունները չեն կարող կույր դարձնել մեզ այն սպառնալիքի առաջ, որը օր օրի ավելի հստակ է ու վտանգավոր։
Եթե այսօր չգիտակցենք Սյունիքի իրական նշանակությունը, վաղը ստիպված կլինենք գիտակցել մեր բացթողումների հետևանքները։
Սա կոչ է՝ միավորման, զգոնության և պատասխանատվության։
Սյունիքը Հայաստան է։
Իսկ Հայաստանը՝ սրբություն։
Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ